31/03/2022 22:12
Ուկրաինայում հակամարտության հետևանքով Արևելյան Եվրոպայի և Կովկասի պետությունների ՀՆԱ-ն կնվազի 11,8 տոկոսով․ ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը զեկույց է հրապարակել՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների տնտեսությունների հնարավոր վնասների մասին։
Ըստ ՎԶԵԲ գնահատականների՝ Ռուսաստանում տնտեսական աճը կնվազի 10 տոկոսով, Ուկրաինայի տնտեսությունում կգրանցվի 20 տոկոսի անկում։
Դիտարկելով հակամարտության տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա՝ ՎԶԵԲ-ը նշել է, որ Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Տաջիկստան, Թուրքմենիա, Ուզբեկստան) երկրներում տնտեսական աճի միջինացված տեմպը 3,2 տոկոս կկազմի, ինչը 1,5 տոկոսային կետով ավելի քիչ է՝ սպասվող ցուցանիշից։
Բանկի կանխատեսումներով՝ Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների (Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա) ՀՆԱ-ն այս տարի 3,4 տոկոսով կաճի, մինչդեռ նոյեմբերի գնահատականով՝ աճը 4,4 տոկոս պետք է կազմեր։
Արևելյան Եվրոպայի և Կովկասի պետությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստն, Մոլդովա, Ուկրաինա) ՀՆԱ-ն, ՎԶԵԲ գնահատականով, կնվազի 11,8 տոկոսով՝ 2022 թվականի համար կանխատեսված 3,6 տոկոս աճի փոխարեն։
Հարավարևելյան Եվրոպայում տնտեսական միջինացված աճը, ըստ կանխատեսման, 2,8 տոկոս կկազմի՝ նոյեմբերին կանխատեսված 4,2 տոկոսի փոխարեն։