31/03/2022 14:22
Աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել. այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերին և ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նկատակով:
Վարչապետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ, նախորդ տարվա արդյուքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3 տոկոս կատարողական: «Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է, և ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով: Մեկ հարց, որ առաջացել է հատկապես մակրոտնտեսական անորոշությունների և դրան առնչվող հնարավոր հարկային նվազումների հետ կապված: Մենք պարզաբանել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամին և մյուս բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք աշխատում են մեզ հետ տարվա ծրագիրը հասկանալու ուղղությամբ, որ եթե այդպիսի հարկային նվազումներ լինեն, մենք ներգրավելու ենք լրացուցիչ միջոցներ, և դա որևէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա: Այսինքն՝ ծախսերը կատարելու ենք նախատեսված ամբող ծավալով»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին. «Ընդ որում, կրկին աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել ՝ 350 մլդր դրամի: Այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել, և անկախ ամեն ինչից մենք այդ կապիտալ ծախսերն իրականացնելու ենք»:
Կառավարության ղեկավարն արձանագրել է նաև, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է. «Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք»:
Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշել է, որ առաջին եռամսյակի բյուջետային եկամուտների ցուցանիշներն առաջիկայում կամփոփեն. «Խոսքը գնում է առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով գերակատարելու մասին»: