01/04/2022 17:30
Մսամթերքի կատեգորիաներն ու դրանց տարբերակման ձևերը. Ինչից խուսափել՝ սնվելով առողջ և համեղ
Խոստովանենք, որ հաճախ ենք գնում մսամթերքի կիսաֆաբրիկատներ, իսկ թե որքան հաճախ ենք նայում ապրանքների բաղադրությանը, միանշանակ դժվար է ասել: Պարզվում է՝ մսի մի քանի կատեգորիա կա, որոնք փաթեթավորման վրա պատկերված են տառերի տեսքով։ Մսամթերքի «A», «B», «C», «D», կատեգորիաները արտացոլում են այս մթերքի մկանային հյուսվածքի պարունակությունը՝ սննդարար, առողջարար և մսի էական տարրերով հարուստ:
Aysor.am-ը ներկայացնում է մսամթերքի հիմնական կատեգորիաներն ու այն կարևոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ նախքան մթերքի գնումը։
99% դեպքերում ապրանքի կատեգորիան նշվում է փաթեթի հետևի մասում՝ կազմի կամ շտրիխ կոդի ցանկի կողքին։
Հարկ է նշել, որ մսից բացի, կան միս պարունակող մթերքներ և նույնիսկ դրանց անալոգներ։ Հեշտ կլինի որոշել, թե ինչ է ձեր առջև, եթե հետևեք թվերի հարաբերակցությանը։ Մսամթերքը պարունակում է 60% և ավելի միս, բայց միս պարունակող մթերքները՝ 5-ից մինչև 60%:
Ինչ վերաբերում է անալոգներին, ապա դրանցում մսի տեսակարար կշիռը չի գերազանցում 5%-ը։
Մսամթերքի կատեգորիա «A»
Ամենաբարձր որակի մսամթերքը պիտակավորված է այբուբենի առաջին տառով։ Դա նշանակում է, որ մկանային հյուսվածքի մասնաբաժինը կազմում է 80% կամ ավելի: Տավարի աղացած միս, տավարի կամ հորթի մսից պելմեններ և նմանատիպ մսամթերք, որոնք կպատկանեն Ա կատեգորիային, խանութներում գտնելը բավականին դժվար է:
Մսամթերքի կատեգորիա «B»
«B» կատեգորիայի մսամթերքը բաղկացած է խոզի և տավարի մսի մկանային հյուսվածքի 60-80%-ից: Սննդի համար առաջարկվող կիսաֆաբրիկատները հիմնականում պարունակում են «B» կատեգորիայի միս։ Մասնագետների խորհրդով կարելի է գնել այս կատեգորիային պատկանող մսամթերքը և չանհանգստանալ համի ու որակի համար։
Մսամթերքի կատեգորիա «C»
«C» կատեգորիան ենթադրում է մկանային հյուսվածքի պարունակությունը 40-60%։ Երեխաների համար «C» կատեգորիայի միսը խորհուրդ չի տրվում։
Մսամթերքի կատեգորիա «D»
Այն պարունակում է մկանային զանգվածի 20-40%-ը։ Իրականում, այստեղ միս, որպես այդպիսին, չկա, այնպես որ պետք չէ գնել այս մսամթերքը և առողջությանը վնաս հասցնել։
Մսամթերք ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը։ Եթե կան բանջարեղեն, ձավարեղեն, խոզի ճարպ, հաց կամ սոյայի հատիկներ, ապա կատեգորիան նվազում է, բայց դա չի նշանակում, որ մթերքը անպայմանորեն անորակ է։
Կիսաֆաբրիկատների մսամթերքի կատեգորիան կարող է կրճատվել սոյայի, կոլագենի, ճարպի փոխարինիչների և այլ հավելումների պատճառով: Այս դեպքում ուշադրություն դարձրեք բաղադրությանը և նախապատվությունը տվեք այն կիսաֆաբրիկատներին, որտեղ կան նվազագույն հավելումներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։