01/04/2022 19:30
Մանկական շլություն. առաջացման պատճառները. ո՞ր տարիքից է ցուցված վիրահատություն. Մեկնաբանում է ակնաբույժը
Մանկական շլության առաջացման պատճառների, ռիսկերի մասին Aysor.am-ը զրուցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Ջուլյա Ղարաբաղցյանի հետ։
Մանկական շլության առաջացման ռիսկերի մեջ առանձնացվում են ամետրոպիաները՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը՝ հատկապես միջին և բարձր աստիճանի, տրավմաները, պարեզները, պարալիչները, ակնաշարժ մկանների զարգացման անոմալիաները, քրոմոսոմային անոմալիաները, ժառանգական նախատրամադրվածությունը, հղիության ընթացքում մոր ծխելը, վաղաժամ ծննդաբերությունը, ցածր քաշով ծնված երեխաները, ինֆեկցիոն հիվանդությունները:
Կոսմետիկ խնդրին զուգահեռ ակնաբուժական հետազոտությամբ հայտնաբերվում են բինօկուլյար տեսողության խանգարումներ, ինչպես նաև կարող են հայտնաբերվել ամետրոպիաներ՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ (աչքի մակերևույթի (եղջերաթաղանթի կամ ոսպնյակի) կորության խախտում) և «ծույլ աչք» (տեսողության սրության իջեցում առանց որեւէ օրգանական խնդրի)։
Կարող ենք առանձնացնել շլության երկու մեծ խումբ՝ համագործակցված և պարալիտիկ
Առավել հաճախ հանդիպում է շլության համագործակցված տեսակը, որ կարող է լինել համամիտվող կամ տարամիտվող։
Համամիտվող, երբ աչքը թեքված է դեպի ներս, և տարամիտվող, երբ աչքը թեքված է դեպի դուրս։ Նաև կան շլության ինտերմիտացվող և մշտական տարբերակները։
Ինտերմիտացվող, երբ աչքը ոչ միշտ է թեքված։ Մշտական, երբ մշտապես կա շլություն:
Շլությունը կարող է լինել ալտերնացվող և միակողմանի։
Ալտերնացվող, երբ թեքված է մեկ մի աչքը, մեկ մյուսը և միակողմանի, երբ անընդհատ նույն աչքն է թեքված, ինչպես նաև աչքը կարող է թեքված լինել դեպի վեր և դեպի ներքև։
Շլության շտկման տարբերակը (կոնսերվատիվ և վիրահատական) կախված է բուժառուի շլության տեսակից և զուգակցվող այլ խնդիրներից։ Շլության շտկման վիրահատություն կարելի է անել վաղ մանկական հասակից՝ 9 ամսականից սկսած։
Կախված շլության տեսակից ակնաբույժը կարող է խորհուրդ տալ վարժություններ, բայց տանն արվող վարժությունները մեծամասամբ արդյունավետ չեն լինում շլության շտկման համար։
Ակնաբույժը հորդորում է վաղ դիմել բժշկի՝ խուսափելու համար բարդութավորման խնդիրներից, ինչպես նաև որքան վաղ է շտկվում շլությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ երեխայի բինօկուլյար տեսողությունը (երկաչյա տեսողություն) լիարժեք կվերականգնվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։