01/04/2022 16:41
Ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները չպետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու համար. Քաղաքագետ
Որոշ ՀԿ-ների՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով իշխանություններին ներկայացված պահանջն անտեղի եմ համարում, որովհետև չեմ կարծում, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում։ Որոշ ուժեր այս քայլով, կարծես, փորձում են առանց այն էլ լարված իրավիճակում հավելյալ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Այս փուլում սա մեզ համար բնավ շահեկան չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ և անհատներ հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանն այսօր պատերազմի մեջ է, բայց ակնհայտ է, որ այդուհանդերձ, աչքաթող չի անում Արցախում իր խաղաղասիրական առաքելությունը։ Ավելին՝ Վլադիմիր Պուտինը բավականին հաճախ հեռախոսազրույցներ է ունենում ՀՀ վարչապետի հետ, ինչը նշանակում է, որ ՌԴ նախագահը զգայուն է այս տարածաշրջանի նկատմամբ։ Ընդհուպ քննարկվում են միջադեպերը, հասկանում՝ ինչու և որտեղից են սադրանքները գալիս։
Համենայն դեպս, կարծում եմ, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները չպետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Արցախում միջազգային խաղաղապաներ տեղակայելու համար՝ որքան էլ այս թեման շոշափված լինի թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ ընթացքում, և թե՛ պատերազմից հետո», - ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանը շեշտեց՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է առավելապես հայկական կողմի շահերից։
«Հակառակ դեպքում չգիտենք՝ ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում, օրինակ, թուրք զինվորականներ լինելո՞ւ են, թե ոչ։ Սա հարց է, որն ինձ մտահոգում է», - նշեց մեր զրուցակիցը։