01/04/2022 12:23
Վանաձորում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. ընդդիմությունը հետաքրքրվեց՝ «պատերազմից հինգ պակաս է, որքանո՞վ է ադեկվատ ձեր պահվածքը»
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։
«Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը», - ասված է նախագծում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվել են ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվել է, ինչը բացասական է անդրադարձել, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա։
«Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանը նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ ո՞ր համայնքին է վերաբերում այս նախագիծը։
Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, որ այս պահին նման խնդիր կա Վանաձոր համայնքում։
«Այսինքն՝ կոնկրետ այս նախաձեռնությունն ու հրատապությունը պայմանավորում եք Վանաձորում ստեղծված իրավիճակով», - նշեց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ ասաց, թե հրատապ թեմա է ոչ թե Վանաձորում ստեղծված իրավիճակը, այլ՝ երկրում ստեղծված իրավիճակը, որը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության նիստում։
«Ինձ մոտ տպավորություն է, որ դուք կամ լուրջ չեք ընդունում ձեր ղեկավարի խոսքերը, կամ էլ չեք կարդացել ու չեք տեսել։ Երբ որ Հայաստանը գտնվում է պատերազմից հինգ պակաս, մենք այստեղ քննարկում ենք մի հարց, որը բացառապես առնչվում է այն համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը. որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Վահագն Հովակիմյանն էլ ասաց, թե ավելի քան ադեկվատ է իրենց պահվածքը։