01/04/2022 09:44
«Հրապարակ». Դատախազության գործունեության մասին հաղորդումը Արթուր Դավթյանի «կարապի երգն» է լինելու»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել անցած տարվա գործունեության մասին հաղորդումը, որը կլսվի ԱԺ առաջիկա նիստում։ Տարեկան հաղորդում է ներկայացրել նաև մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպանը, որը պաշտոնաթողությունից հետո էլ ակտիվ է և ընդդիմադիր դիրքորոշում ունի, ուստի սպասվում է, որ նրա ու ԱԺ մեծամասնության հանդիպումը դիտարժան է լինելու։ Դատախազության հաղորդումը ծավալուն է՝ 313 էջից։
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին հանցագործությունների թիվն աճել է մոտ 15 տոկոսով՝ 3 հազար 800 դեպքով։ Նաև՝ 44-օրյա պատերազմին առնչվող 2 հազար գործ է քննվում, այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ ԶՈՒ մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները»։
Նշվում է, որ այս գործերն աննախադեպ ծավալի են, միայն Շուշիի ռմբակոծության գործով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ ԱԽ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար։ Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։
Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին, և սա Արթուր Դավթյանի, կարելի է ասել, «կարապի երգն» է լինելու»։