01/04/2022 19:21
Քաղաքական-ռազմավարական առումով ճիշտ կլինի, եթե Արցախում, բացի ռուս խաղաղապահներից, այլ խաղաղապահ ուժեր ևս տեղակայվեն. Ռազմական փորձագետ
Քաղաքական-ռազմավարական առումով ճիշտ կլինի, եթե Արցախում, բացի ռուս խաղաղապահներից, այլ խաղաղապահ ուժեր ևս տեղակայվեն։ Սա հստակ ազդակ կլինի Ռուսաստանին, որ պետք է ստանձնած պարտավորություններն ավելի լավ կատարել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Նման պարագայում, կարծես թե, մրցակցություն կառաջանա, և Ռուսաստանն իսկապես կփորձի ամեն ինչ անել՝ կատարելու խաղաղապահ առաքելության շրջանակներում ստանձնած իր պարտականությունները։
Մենք այս պարագայում չպետք է նայենք ռազմավարական հարաբերություններին, այլ պետք է առաջնորդվենք բացառապես ազգային շահերով։ Իսկ մեր ազգային շահերից է բխում, որպեսզի այլընտրանքային միջոցների դիմենք՝ ճնշումներ գործադրելով Ռուսաստանի վրա, որ նա ավելի ռեալ գործի։
Արցախում ռուսական զորակազմն այժմ թերանում և ոչ պատշաճ է կատարում իր պարտականությունները, որովհետև ոչ թե դիրք կամ բնագիծ, այլ բնակավայր է դատարկվել և անցել թշնամու վերահսկողության տակ։
Բայց մյուս կողմից, այլ խաղաղապահների տեղակայումը վտանգավոր է, որովհետև Ռուսաստանն է եղել պատերազմի դադարեցման միջնորդը, և եթե այդ երկիրը դուրս գա խաղից, չի բացառվում, որ Արցախում կրկին ռազմական գործողությունները վերսկսվեն»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այսօր հայտարարություն են տարածել որի կետերից մեկով Հայաստանի իշխանություններից պահանջում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար: