01/04/2022 19:50
«Երկաթբետոնե ոչինչ չկա»․ Պեսկովը չի բացառել, որ գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումն ապագայում չեղարկվի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ մինչև ապրիլի 1-ը գազի դիմաց ռուբլով չվճարած երկրների գազմատակարարումը չի դադարեցվի։
«Շատ են հարցնում՝ եթե գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանը դեռ հաստատապես ընդունված չէ, ապա ապրիլի 1-ից մատակարարումները կդադարեցվե՞ն։ Ոչ, այդպիսի բան ՌԴ նախագահի հրամանագրից չի բխում։ Այժմ կատարվող մատակարարումների դիմաց վճարումները հենց այսօր չեն արվելու, այլ ամսվա երկրորդ կեսից կամ նույնիսկ մայիսի սկզբին»,- ասել է Պեսկովը։
Նա չի բացառել նաև, որ ապագայում Ռուսաստանի կողմից ոչ բարեկամ երկրներին մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկվի, բայց այժմ ռուբլով վճարելու տարբերակն, ըստ Պեսկովի, ամենահուսալին է Մոսկվայի համար։
«Անկասկած, եթե այլ պայմաններ լինեն, որոշումը կարող է չեղարկվել։ Տվյալ դեպքում երկաթբետոնե ոչինչ չկա, բայց եղած պայմաններում ռուբլին մեզ համար նախընտրելի է և հուսալի տարբերակ է»,- ասել է նա։
Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները գազի մի մասը Ռուսաստանից գրեթե անվճար են ստացել, քանի որ դրա դիմաց վճարել են եվրոյով, ինչն էլ հետո իրենք իրենց ձեռքով սառեցրել են։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Հնդկաստանի գործըներոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի առաջարկն արդար է, քանի որ Արևմուտքը Ռուսաստանին վճարում է արտարժույթով, իսկ հետո սառեցնում է ռուսական հաշիվները։