01/04/2022 14:35
Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար բավական բարդ է. պատերազմի վտանգը միշտ կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա, սակայն, ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վտանգի մասին խոսքերը կարող են մանիպուլացիոն լինել՝ «խաղաղության օրակարգը առաջ տանելու համար»։
«Այս իշխանությունները, փոխանակ ամրապնդեն մեր դիրքերը, մտածում են խաղաղության օրակարգի, հայելային հետքաշման մասին», - նշեց նա։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ դեմ են Ադրբեջանի առաջարկած հինգ կետին, որովհետև, եթե դրանք իրականացվեն, վտանգված է լինելու Արցախի ապագան։
«Այս իշխանությունները խոսում են տարբեր իրավունքների մասին, բայց երբ հարց ես տալիս Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, չեն ցանկանում պատասխանել, հղում են կատարում ինչ-որ հարցազրույցների», - նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում ու Արցախում կան բաց տեղեր. Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, պաշտպանական համապատասխան կառույցներ չեն ձևավորվել։
Պաշտպանության նախկին նախարարն անընդունելի է համարում, որ այս ամենի ֆոնին Հայաստանը չունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։