01/04/2022 20:02
Օգտակար հանածոների պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել են Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը։
Նախարարը ողջունել և շնորհավորել է ֆորումին մասնակից երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և բարձր է գնահատել նրանց նվիրված ու խիստ կարևոր աշխատանքը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում։
«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ խոշորագույն ավանդ ունեցող ոլորտներից մեկն է: Օգտակար հանածոների պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հետևաբար ձեր ձեռքերում է հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև ձեր բարդ, պատասխանատու ու նվիրումով լի աշխատանքի շնորհիվ է, որ ընդերքի հարստությունը վերածվում է տնտեսական արժեքի»,-ընդգծել է նախարարը։
Ելույթի ավարտից հետո Գնել Սանոսյանը «Երկրաբանի օրվա» կապակցությամբ բազմամյա և արդյունավետ աշխատանքի, հանքարդյունաբերության ոլորտում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներին։
Շնորհակալագրեր են ստացել Աշոտ Հայկազի Սարգսյանը, Սևակ Համազասպի Գալստյանը, Ջիվան Վիկտորի Մխիթարյանը և Գուրգեն Էդուարդի Մալխասյանը: