02/04/2022 16:30
Երեխաների քմահաճույքները կառավարելու ուղեցույց հոգեբանից. Ի՞նչ անել և ինչպե՞ս կանխել զայրույթը
Ցավոք սրտի, մեր օրերում բարկությունը՝ ուղեկցված ճիչերով և արցունքներով, նույնիսկ չկառավարվող նոպաները փոքր երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթներ են։ Այսպիսի դեպքերում նրան հատուկ մոտեցում է անհրաժեշտ։
Aysor.am-ի թղթակիցը մանկական զայրույթի, երեխայի հետ ճիշտ հաղորդակցվելու և այլ կարևոր հարցերի շուրջ խոսել է մանկական հոգեբան Մերի Հարությունյանի հետ։
«Երեխաների զայրույթը և քմահաճույքը երկու տարբեր հասկացություններ են. Քմահաճույքները կարող են առաջանալ անհարմար միջավայրի, անհարմար հագուստի, հուզական գրգռվածության բարձրացման և զգայունության պատճառով։ Քմահաճույքի անբաժանելի մասը «հանրությանը ներկայանալն է»՝ կախված հանդիսատեսի առկայությունից և արտաքին հանգամանքներից: Երեխաների զայրույթը կարող է ուղեկցվել նաև նոպայի վիճակներով՝ վայրի մռնչյուններով և ճիչերով, գլորվելով հատակին և նույնիսկ ջղաձգությամբ: Հաճախ հիստերիան սրվում է ուրիշների մեծացված ուշադրության հետ և անհետանում է հենց այդ ուշադրության նվազմամբ», - ասաց հոգեբանը։
Իհարկե, կարևոր է ուշադիր դիտարկել երեխայի վարքը, մտածել և հասկանալ նրա բացասական հույզերի պատճառը, բայց շատ դեպքերում ծնողներն իրենք էլ չեն հասկանում ինչպես վարվել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Նմանատիպ դեպքերում մասնագետն առաջարկում է տալ դրական հույզեր և աջակցել փոքրիկին.
«Դուք կարող եք շտկել իրավիճակը միայն ձեր ուշադրությամբ ու աջակցությամբ, գրկախառնությամբ, աչք առ աչք շփվելով և իրավիճակի արդարացի լուծմամբ, ակտիվ լսելով, հասկանալով։ Ցանկալի է որքան հնարավոր է ավելի շատ ժամանակ հատկացնել համատեղ գործունեությանը՝ աստիճանաբար ընտելանալով ինքնուրույն խաղերին, նկարչությանը, մոդելավորմանը, կիրառական արվեստին»։
Մանկական հոգեբան Մերի Հարությունյանն առանձնացրեց այն հիմնական «չի կարելիներ»-ի ցանկը, որոնք դրությունը շտկելու փոխարեն, ավելի կսրեն։
• Ենթարկվել նրա ցանկացած քմահաճույքին, միայն թե լռի
• Կարդալ բարոյականություն և խրատներ
• Ֆիզիկական ուժ կիրառել
• Գոռալ երեխայի վրա, պատվիրել հրամայական տրամադրությամբ
Գոյություն ունի այսպիսի գեղեցիկ սկզբունք՝ բոլոր ամենակարևոր բաները երեխային պետք է ասել շշուկով։ Ճիչերը, ինչպես նաև բռնությունը, հակազդեցության տեղիք են տալիս։
Չի կարելի
• ծաղրել երեխային, նրա բոլոր զգացմունքները կատակի վերածել
• լիովին անտեսել, հեռանալ այլ սենյակ, կամ փակել դուռը՝ միայնակ թողնելով երեխային
Մասնագետը տհաճ իրավիճակներից խուսափելու համար շատ կարևորեց սիրո մթնոլորտն ընտանիքում, երբ տիրում են խաղաղությունն ու ներդաշնակությունը։ Այնուամենայնիվ, եթե երեխայի մոտ սկսվում է զայրույթի նոպա, պետք է կիրառել հետևյալ քայլերը.
• Ակտիվ լսում
Երեխային ակտիվորեն լսելը նշանակում է ցույց տալ, որ հասկանում ես նրա հույզերն ու դրանք չես արհամարում:
• Երեխային տեղափոխեք գործողությունների այլ դաշտ, շեղեք նրա ուշադրությունը որևէ հետաքրքիր զբաղմունքով
• Եթե այն պահանջը, որը երեխան ներկայացնում է ձեզ, անհնար է կատարել, ապա կարող եք փորձել նրա հետ երազել այս թեմայով
Այս հոգեբանական տեխնիկան շատ լավ է աշխատում: Երեխայի հետ խիստ ցանկալի, բայց անհնարին ֆանտազիաները հաճախ ավելի են օգնում, քան «ողջամիտ վեճերը»:
• Ասացեք ձեր երեխային նրա բացասական վարքի հետևանքների մասին։
• Նրա հետ եղեք տեսողության նույն մակարդակի վրա (նստեք նրա կողքին), նայեք նրա աչքերին։
• Անպայման սովորեցրեք ձեր երեխային պատասխանատվություն կրել իր քայլերի համար. օրինակ՝ ներողություն խնդրել. դա թույլ կտա նրան հաջորդ անգամ ավելի գիտակցաբար վարվել:
Ի վերջո, երեխայի կողմից բեմադրված ներկայացումներում ամենակարևորն է պահպանել սեփական հանգստությունն ու հավասարակշռությունը. այս խորհրդին հետևելով ծնողները կկարողանան կանխել խնդիրներն ու օգնել երեխայի դուրս գալ տարիքային ճգնաժամից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։