02/04/2022 18:00
Երկարատև հոգնածություն. Բացասական ազդեցությունը կյանքի որակի վրա
Հոգնածություն. այս վիճակը ծանոթ է ցանկացած սեռի, տարիքի և սոցիալական կարգավիճակի յուրաքանչյուր մարդու: Ենթադրվում է, որ քաղաքների բնակիչները շատ ավելի հակված են թուլության և սեզոնային փուլի հանկարծակի նոպաների, ինչը հաճախ կապված է մեծ քաղաքներին բնորոշ կյանքի տեմպի, վատ էկոլոգիայի հետ:
Թուլության և վատառողջության պատճառները հաճախ կապված են ռեսուրսների սխալ բաշխման, «աշխատանքային քնի» ռեժիմին չհամապատասխանելու և թերսնման հետ: Որպեսզի հասկանաք, թե ինչպես խուսափել հոգնածությունից, նախևառաջ անհրաժեշտ է պարզել դրա ճշգրիտ պատճառը: Ի վերջո, պայքարի ձևերը կարող են շատ տարբեր լինել:
Aysor.am-ն անդրադարձել է բոլորին հուզող այս խնդրին՝ փորձելով գտնել հոգնածության հիմնական պատճառներն ու դրանց հնարավոր լուծումները։
Ֆիզիկական և մտավոր հոգնածություն
Մարմնի ֆիզիկական հոգնածությունն ամենաանվտանգ և, նույնիսկ, որոշ չափով հաճելի ֆիզիոլոգիական ռեակցիան է։ Այս վիճակը նպաստում է լավ լիարժեք քնին, կարող է նպաստել ախորժակի բարելավմանը։ Նման հոգնածությունը թոթափելու համար պարզապես պետք է մի փոքր հանգստանալ։
Մտավոր կամ հուզական հոգնածությունը, ընդհակառակը, հանգեցնում է անքնության, դյուրագրգռության, վատ տրամադրության։ Նրա բնորոշ ախտանիշն է միգրենը, ֆոտոֆոբիան և գլխապտույտը։ Հոգնածության բեռը կարելի է նվազեցնել՝ թեյ խմելով և մաքուր օդում զբոսնելով։ Կօգնեն նաև միջավայրի փոփոխությունը, սենյակի օդափոխությունն ու աշխատանքային տարատեսակ զբաղմունքները։ Երբեմն գերաշխատանքից ազատվելու համար անհրաժեշտ է այլ տեսակի գործունեություն կամ այլընտրանքային տարբեր գործողություններ կատարել։
Ինչպե՞ս ազատվել քրոնիկական հոգնածությունից
Եթե ավելացած հոգնածությունն առաջացել է գերաշխատանքից, հաճախակի քնի պակասից, ծանրաբեռնվածության ավելացումից, ապա մեկ օրում դրանից ազատվելը չի ստացվի։ Այստեղ կա քրոնիկական հոգնածության համախտանիշ, որը հաղթահարելը հեշտ չէ։ Խնդիրները կարող են առաջանալ տարիների ընթացքում: Ավելին, սկզբում մարդն իրեն միանգամայն նորմալ է զգում, բայց հետո ներքին ռեսուրսը սպառվում է, և ի հայտ են գալիս ուժեղ հոգնածություն և թուլություն։
Խրոնիկական հոգնածության բուժումը պահանջում է մարդու ապրելակերպի ամբողջական վերանայում: Ստիպված կլինեք մեկընդմիշտ ազատվել վատ սովորություններից, գուցե նաև պետք լինի փոխել աշխատանքը։ Նույնիսկ 21-օրյա արձակուրդը բավարար չի լինի, քանի որ վերադառնալուց հետո անձի վրա կրկին բացասաբար կանդրադառնան բոլոր այն նույն գործոնները, որոնք հանգեցրել են ինքնազգացողության վատթարացման:
Բացի ամենօրյա ռեժիմը բալանսավորելուց, պետք է վերլուծել նաև սննդակարգը: Այն պետք է հարստացվի թարմ մրգերով, բանջարեղենով, սպիտակուցներով և մանրաթելերով։ Այս բոլոր մթերքներն անհրաժեշտ են նյութափոխանակության նորմալացման համար, որի դանդաղումը կարող է դրսևորվել նաև թուլության և հոգնածության տեսքով։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց քրոնիկական հոգնածության համախտանիշը կարելի է բուժել ոչ միայն պատշաճ քնով և ճիշտ սնվելով, այլև հնարավոր ֆիզիկական ակտիվությամբ՝ սպորտով։ Այսպիսով հնարավոր կլինի բարձրացնել օրգանիզմի դիմացկունությունն ու ընդհանուր տոնուսը, արագացնել նյութափոխանակությունը, ազատվել օրգանիզմի տոքսիններից ու ծանրաբեռնվածությունից։
Դեպրեսիվ հոգնածություն
Հոգնածության մշտական առկայությունը կարող է անհանգստացնել մարդուն, որոշ ժամանակով անկարող դարձնել աշխատելու։ Եթե թուլության պատճառները դեպրեսիվ վիճակներն են, ապա ոչ ռացիոնալ սնունդը, ոչ էլ քնի համար հատկացված ժամանակի ավելացումը չեն օգնի: Առաջին բանը, որից պետք է սկսել, մասնագետի մոտ խորհրդակցության գնալն է։ Եթե խնդիրն ավելի խորն է, դեպրեսիան երկարաձգվում է և այն առաջացել է լուրջ սթրեսի ֆոնին, կարող է պահանջվել դեղորայքային թերապիա, որը պետք է նշանակի բժիշկը
Հոգնածություն գարնանը
Ինչու՞ է հոգնածությունն առաջանում գարնան առաջին ամիսներին: Արևը դուրս է եկել, բայց ,միևնույն է, հաղթում է ծուլությունը: Սա ձմռանը և հատկապես գարնանային ամիսներին բնորոշ վիճակ է, երբ եղանակի հաճախակի փոփոխությունները կարող են հանգեցնել հիպոթերմային և մրսածության՝ էլ ավելի թուլացնելով իմունային համակարգը:
Հոգնածությունը և դրա նշանները կարող են ի հայտ գալ նույնիսկ աննշան ջանքերից. քայլելուց կամ ընդհանրապես առանց որևէ ակնհայտ պատճառի: Հոգնած մարդը կարող է թուլություն զգալ մարմնում, հոգնածություն ոտքերում, գլխապտույտ, տրամադրության անկում: Պետք է հնարավորինս վերանայել սննդակարգը՝ ներառելով թարմ քամած հյութեր, ձավարեղեն և բանջարեղենային աղցաններ։
Հաճախ լինում են դեպքեր, երբ թուլության պատճառը հնարավոր չէ բացահայտել։ Եթե հոգնածությունը երկար ժամանակ չի անհետանում, որն առաջացել էր առանց որևէ ակնհայտ պատճառի, պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Շատ քրոնիկական հիվանդություններ երկար ժամանակ չեն արտահայտվում։ Ցավ կամ այլ նշաններ չկան, սակայն մարդը ենթագիտակցորեն զգում է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարող հասկանալ, թե կոնկրետ ինչն է անհանգստություն պատճառում:
Չափից շատ հիվանդություններ քողարկվում են որպես սովորական հոգնածություն: Սրանք կարող են լինել թաքնված վարակներ, դանդաղ բորբոքային պրոցեսներ և արյան բաղադրության խանգարումներ։ Լավագույնն խորհուրդն է այս դեպքում չհետաձգել և չզբաղվել հոգնածության պատճառի բացահայտմամբ՝ իրավիճակը վստահելով մասնագետին: Ախտորոշման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի պարզել պատճառը և նշանակել համապատասխան թերապիա:
Պետք չէ անտեսել մշտական հոգնածությունը, այն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։