02/04/2022 17:20
Ցավ` կրծքագեղձում. պատճառները, պարտադիր հետազոտությունները. ներկայացնում են էնդոկրինոլոգը և բժիշկ-ռադիոլոգը
Մաստալգիան (կրծքագեղձում բութ կամ այրող ցավեր, ծանրության կամ անհարմարավետության զգացում) ամենատարածված պատճառն է, որ կանանց ստիպում է բժշկի դիմել, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Աննա Գրիգորյանը։
Տարբերակվում է ցիկլիկ և ոչ ցիկլիկ մաստալգիա։
Ցիկլիկ մաստալգիա, երբ կինը մինչև դաշտանային ցիկլի սկսումը՝ 5-ից 15 օր առաջ կրծքագեղձում զգում է ցավ, անհարմարություն, որն ուղեկցվում է էմոցիոնալ տհաճ զգացումներով, նյարդայնությամբ, անքնությամբ, կարող են որոշակիորեն այտուցվել նաև ստորին և վերին վերջույթները։ Այս դրսևորումը նախադաշտանային համախտանիշի մաս է կազմում։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանն ասում է՝ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ ոչ մաստալգիայի, ոչ նախադաշտանային համախտանիշի դեպքում չեն դրսևորվում հորմոնալ խիստ շեղումներ։ Փոխարենը վիտամինների, միկրոէլեմենտների պակասը կարող է նպաստել մաստալգիայի զարգացմանը։
Կարևոր է հասկանալ՝ եթե ցավը տևում է մեկ շաբաթ՝ մինչև դաշտանային ցիկլի սկսվելը և ցիկլը սկսելուն պես անցնում է, ապա անհանգստանալու լուրջ պատճառներ չկան։ Իսկ եթե ցավը տևում է 15 օր, այսինքն՝ ամսվա կեսը կինը հանգիստ է, մյուս կեսն ունի կրծգաղեձի սուր արտահայտված ցավեր, ապա անպայման պետք է անցնել հետազոտություն։
Ոչ ցիկլիկ մաստալգիան կրծքագեղձի ցավի այն տեսակն է, որ չի պայմանավորվում դաշտանային ցիկլով, այս դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի, ըստ կնոջ տարիքի որոշվում է հետազոտության տարբերակը։
Էնդոկրինոլոգն ասում է՝ ոչ ցիկլիկ մաստալգիայի ցավերի պատճառ հիմնականում լինում են բարորակ փոփոխությունները, բորբոքային գործընթացները, որ կարող են արտահայտվել կրծքագեղձի այտուցվածությամբ, կարմրությամբ, կոշտացմամբ։
Լինում են դեպքեր, երբ ցավը ճառագայթում է դեպի մեջք, դեպի ձեռքեր, թևատակ, բայց կրծքագեղձի հետազոտությամբ ցավի որևէ պատճառ չի հայտնաբերվում, այս դեպքում ենթադրելի պատճառ համարվում են ոսկրամկանային համակարգի փոփոխությունները, պետք է դիմել նյարդաբան-ողնաշարաբանների, ասում է բժիշկ-ռադիոլոգ Աննա Գրիգորյանը։
Ցիկլիկ մաստալգիայի դեպքում համաշխարհային բժշկության ուղեցույցներն առաջարկում են որոշ դեղամիջոցներ, բայց և անպայման նշում՝ դրանք մինչև 50 տոկոս կարող են ունենալ կողմնակի հետևանքներ։ Այնուամենայնիվ, էնդոկրինոլոգ ՀԱյկանուշ Համբարձումյանն ասում է՝ ընդամենը կրծկալը փոխելով հնարավոր է մինչև 50 տոկոս նվազեցնել ցավը։ Մեծ նշանակություն ունի նաև կնոջ հոգեսոցիալական վիճակը, նեյրոհորմոնալ վիճակը։
Բժիշկները հորդորում են՝ թե ցիկլիկ, թե ոչ ցիկլիկ ցավի դեպքում ժամանակին դիմել բժշկի. չմտածել՝ ցավում է, կանցնի։ Կանխարգելումը նվազեցնում է բարդ, անդառնալի հետևանքների առաջացման հավանականությունը։ Ըստ ամերիկյան հակաքաղցկեղային ասոցացիայի ուղեցույցի՝ 25-ից 40 տարեկան կանայք տարեկան մեկ անգամ պետք է անցնեն կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, 40-ից 44 տարեկանները երկու տարին մեկ անգամ պետք է կատարեն մամոգրաֆիկ հետազոտություն, 44-ից 55 տարեկանում (ամենից հաճախ հենց այս տարիքում է ախտորոշվում քաղցկեղ), պարտադիր է ամեն տարի կատարել մամոգրաֆիկ զննություն, 55-ից հետո՝ երկու տարին մեկ անգամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։