02/04/2022 15:50
Քառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, սակայն շատ ավելի մեծ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից․ Արտակ Բեգլարյան
«Արդեն 6 տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից»,- ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Արցախի պետնախարարն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։
«Այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի, և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,-Արցախի պետնախարարի խոսքերն է մեջբերել «Արցախպրես»-ը։