02/04/2022 14:27
Հնարավոր չէ համակերպվել մտքին, որ ընկերների կյանքի գնով պահածը կորցրինք. Ապրիլյան պատերազմի մասնակից
Ապրիլյան պատերազմը հաղթանակ-դաս էր, մեսիջ, որ ամենածանրը դեռ առջևում է։ Հաղթանակ էր, որովհետև թշնամին չկարողացավ իրագործել իր առջև դրած ռազմավարական, մարտական խնդիրները, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովը։
«44-օրյա պատերազմից հետո որոշ մարդիկ որոշեցին, որ կարելի է ապրիլյանը պատերազմ չհամարել, ճիշտ մոտեցում չէ. ակադեմիական բոլոր ձևակերպումներով պատերազմ էր, թշնամին գործի դրեց ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, հրթիռահրետանային կայանքներ։ 1994թ.-ից ի վեր չլսված երևույթ էր այն, ինչ տեղի ունեցավ 2016 թ.-ին։ Եվ հետո, երբ ասում են պատերազմ չէր, վիրավորում են տղերքի ապրումներն ու ստվերում արած գործերը», - ասում է նա։
44-օրյա պատերազմին Հրանտը մասնակցեց որպես կամավոր, ասում է՝ հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը միշտ նունն են, բայց վերջին պատերազմն ավելի բարդ էր էմոցիոնալ առումով.
«2016թ.-ին պարտադիր զինվորական ծառայության էի, ունեի հստակ առաջադրանքներ, մարտական խնդիրներ։ 44-օրյա պատերազմին կամավորագրվեցի։ 24-25 տարեկանում զգացումներն ուրիշ են, համարում եմ, որ 20-ում ավելի քիչ բան ունեի կորցնելու։
44-օրյա պատերազմում կորցրի իմ երկրորդ տունը՝ Թալիշը, Մատաղիսը։ Հիմա, երբ թշնամու նկարահանումներն եմ տեսնում Թալիշից, Մատաղիսից, նույնն է, թե սեփական մահս տեսնեմ։ Հնարավոր չէ համակերպվել կորցրածին, հնարավոր չէ հաշտվել մտքին, որ շատ ընկերների կյանքի գնով պահածը կորցրինք...»։
Հրանտը համարում է, որ վերջին պատերազմից էլ դասեր չքաղեց հանրությունը. «Պիտի կենսակերպի, արժեհամակարգի կտրուկ փոփոխություն լիներ։ Բոլորս պիտի հասկանանք, որ այս տարածաշրջանում ապրելու համար պետք է լավագույնս պատրաստվենք պատերազմի։ Զենք դնելով խաղաղություն չենք ունենա. մարտունակ բանակն է մեր խաղաղ կյանքի երաշխավորը»։
«Պետք է գիտակցել, որ կյանքի ու մահվան կռիվ պիտի տանք Արցախը փրկելու համար, բայց նախ պիտի մաքրենք մեր գիտակցությունը, ուղեղը։ Մենք ամեն օր ուրանում, մոռանում ու հրաժարվում ենք Արցախից՝ այն կոչելով ղարաբաղ... խոսքը ուժ ունի։ Արցախի փրկության առաջին բանաձևն Արցախը սիրելն է։ Երբ լավ ապրելու համատեքստում Արցախը բեռ չհամարենք, կսկսենք Արցախի համար պատշաճ պայքարել»։