02/04/2022 09:51
«Ժողովուրդ». ԱԻ նախարարի պաշտոնը Արմեն Փամբուխչյանին կվստահվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:
Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբանկ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի: Նա, հիշեցնենք, դեռ նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում վայր էր դրել պատգամավորական մանդատն ու ԱԻՆ գործուղվել՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակադրմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաև իր տեսակետը լսելու, նրա հեռախոսահամարը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում անջատված էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում