05/04/2022 15:15
«Որդան կարմիր» հայկական շրթներկերը պատրաստված են թանկարժեք և բնական յուղերից՝ առանց քիմիական հավելումների
Վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել հայ արտադրողների, ովքեր համաշխարհային բրենդներից ոչ պակաս որակյալ և գեղեցիկ ապրանքներ են պատրաստում։
Aysor.am-ը զրուցել է հայկական կոսմետիկայի շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Որդան կարմիր» շրթներկերի ապրանքանիշի հիմնադիր Սիլվա Մալխասյանի հետ՝ բացահայտելու կանանց սիրելի գույների ստեղծման պատմությունը։
«Ապրանքանիշը հիմնադրվել է 2018 թվականին։ Շրթներկ արտադրելու գաղափարը ծնվեց այն պահից, երբ ես երկար փնտրտուքներից հետո չգտա այն կարմիր երանգը, որը ցանկանում էի։ Կարմիր շրթներկն իմ շպարի անբաժանելի մասն է. ես այն օգտագործում եմ նույնիսկ առօրյա դիմահարդարման ժամանակ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց բրենդի հիմնադիրը։
Նրա խոսքով՝ «Որդան կարմիր» ապրանքանիշը, նույնիսկ շուկայում շրթներկերի բազմազանության պարագայում, ունի իր յուրահատուկ ձեռագիրը։
«Վստահաբար կարող եմ փաստել, որ այն, ինչ մենք ենք առաջարկում, եզակի է իր տեսակի մեջ և նմանը չունի շուկայում։ «Որդան կարմիր» շրթներկը պարզապես կոսմետիկ միջոց չէ, այն իր մեջ կրում է պատմություն, հանդիսանում շրթներկ-հուշանվեր՝ Հայաստանը խորհրդանիշ նռան տեսքով տարայի մեջ. տարայի վրա կա նաև արծաթյա զարդ՝ բնական քարով, և երկու շրթներկ ձեռք բերելու դեպքում՝ դրանք կարող են ծառայել որպես արծաթյա օղեր», - հավելեց Սիլվա Մալխասյանը։
Նշենք, որ «Որդան կարմիր» ապրանքանիշի շրթներկերը պատրաստված են թանկարժեք և բնական յուղերից՝ առանց այնպիսի քիմիական հավելումների, որոնք կարող են վտանգ ներկայացնել մաշկի համար։ Կարմիրի հենց այդ երանգը հնարավոր է ձեռք բերել միայն «Որդան կարմիր» ապրանքանիշից։
Aysor.am-ի հարցին՝ դժվար չէ՞ արդյոք առաջին քայլերն անել, երիտասարդ գործարարը պատասխանեց. «Այո, դժվար է Հայաստանում լինել առաջին հայկական շրթներկ արտադրողը, քանի որ նույնիսկ կոսմետիկայի արտադրության մասնագետներ չունենք. օրինակ՝ քիմիկ, ով փորձ կունենար և որոշ չափով կհեշտացներ աշխատանքը։ Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ նման սուղ պայմաններում մեզ հաջողվեց իրագործել գաղափարը»։
Սիլվա Մալխասյանը նշեց նաև, որ թեև ապրանքանիշն ունի «Որդան կարմիր» անվանումը, սակայն այլ գույների և երանգների շրթներկեր ևս արտադրվում են և հայուհիների մեծ մասը ավելի շատ նուդ և պաստելային գույների սիրահար են՝ նուրբ և բնական երանգավորմամբ։ Ամեն դեպքում հաճախորդուհիներից շատերն ամենից շատ սիրում և առանձնացնում են կարմիրի հենց այդ նոր երանգը։
Դիմելով Հայաստանում իրենց բրենդը ստեղծել ցանկացող երիտասարդներին՝ Սիլվա Մալխասյանն ասաց. «Բրենդ ստեղծել ցանկացողներին խորհուրդ կտամ չլսել և ուշադրություն չդարձնել այն կարծիքներին, թե Հայաստանում այս կամ այն բանն ստեղծելը անհնար է, ժամանակի և գումարի կորուստ է։ Մեծ ցանկության և աշխատասիրության դեպքում ցանկացած գործ կարող եք հաջողել։ Եթե նույնիսկ չունեք համապատասխան մասնագետ, դուք ինքներդ ինքնակրթվելով կարող եք դառնալ այդ մասնագետը։ Աշխարհում բոլոր մարդիկ ունեն 24 ժամ ՝ ամեն օր աշխատելու իրենց երազանքների և նպատակների համար։ Միայն ձեզնից է կախված, թե ինչպես կօգտագործեք ձեզ հասանելիք ժամերը»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։