05/04/2022 16:45
ՀՅԴ Հարավային Իրանի կառույցը անվերապահ զորակցություն է հայտնում խորհրդարանական ընդդիմության հանրահավաքին ու հաջորդող դիմադրական բոլոր քայլերին
Ճգնաժամային այս պահին մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին, հայտարարել է ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեն:
Հայտարարությունում, մասնավորապես, նշված է.
«Վերջերս տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակից օգտվելով՝ Ադրբեջանը կրկին անգամ իր սադրիչ գործողություններն է իրականացնում Արցախում՝ նպատակ ունենալով Արցախը հայաթափելու և, ի վերջո, իր հայաջնջման վաղեմի ծրագիրն իրականացնելու:
Ցավոք, ՀՀ իշխանությունը, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի շահերը, այս ամենի դիմաց, կառչելով «խաղաղության դարաշրջան» թրքահաճո գաղափարին, ընդունելի է համարում բանակցային սեղանին դրված ադրբեջանական ու թուրքական բոլոր նախապայմանները:
Զիջումներով և անձնատվողական վարքագծով իշխող ներկա վարչախմբի միակ նպատակը իշխանության երկարաձգումն է՝ ի հեճուկս հայրենի ժողովրդի անվտանգության ու լինելության:
Այսօր ազգովի՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, դարձյալ կանգնած ենք մեր ուժերի գերլարման հրամայականին դեմ հանդիման, որպեսզի համազգային դիմադրությամբ կատարենք մեր հայրենատիրությունը: Այս օրհասական պահերին խիստ հարկավոր է մի կողմ դնելով արցախյան 44-օրյա պատերազմից և դրանից հետո մեր մեջ առաջացած հիասթափությունը, հանուն հայրենի հողի պաշտպանության և այդ ճանապարհին ընկած հերոսների, տեր կանգնենք Արցախին ու Հայաստանին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հարավային Իրանի կառույցը՝ իր ողջ ներուժով, Արցախի և Հայաստանի կողքին է, հայ զինվորի և հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին:
Վերականգնենք ու վերակերտենք մեր հաղթական երթը՝ մեր հստակ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձևաչափերով զիջումներին և պարտվողական քաղաքականություններին:
Ազգովի դիմադրելով՝ պաշտպանենք Արցախը, պաշտպանենք Հայաստանը»: