05/04/2022 18:56
Չեմ կարծում, որ Փաշինյանին և Ալիևին կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ազատության հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրահավաքի մասնակիցները ծափերով դիմավորեցին նրան։
«Եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, հազարավոր մարդիկ չէին հավաքվի այստեղ», - ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե մտահոգի՞չ է արդյոք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև մտահոգություններին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են ոչ հայանպաստ պայմանավորվածություններ կայացնել։
«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Ապրիլի 6-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ըստ Սերժ Սարգսյանի, փաստաթուղթ չի ստորագրվի։
«Իհարկե, օդում կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի», - ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նախկին իշխանությունները, ՀՀ երրորդ նախագահի խոսքով, որքան կարողացել են, մոտեցրել են խնդրի լուծումը։
«Այդպիսի կոնֆլիկտները հեշտ չէ նույնիսկ 30-40-50 տարում լուծելը։ Որքան կարողացել ենք, այնքան այդ լուծումը մոտեցրել ենք, և մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, որն իրենց կետից են սկսում, ասացին՝ ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք։ Հասանք այս վիճակին», - ասաց Սերժ Սարգսյանը։
Նա արձագանքեց նաև Արցախը «հանձնելու» շուրջ բանակցություններ վարելու մեղադրանքին, որը գործող իշխանությունն ուղղում է նախկին իշխանություններին։
«Ասողը ղալաթ է անում։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ։ Դրանից ելնելով՝ այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների», - ընդգծեց Սերժ Սարգսյանը։