05/04/2022 19:36
Ամբողջ ազգի անունից չի կարելի վերածվել մուրացկանի՝ խաղաղություն մուրացողի․ հայ ազգը նման մանդատ ոչ մեկի չի տվել․ Վարդևանյան (Տեսանյութ)
Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա ընթացքում իր ամենածանր օրերը։ Սա չափազանցություն չէ, Ազատության հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ որպես ազգ ու պետություն՝ վերանալու շեմին ենք կանգնած, իսկ գործող իշխանությունը խաղաղություն խոստանում է ոչ թե հայ ազգին, այլ՝ Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրած պահանջներն է իրականացնում։
«Այդ խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում, այդ խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա․ այն կդառնա թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան։
Այդ խոստացված խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել․ մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը, աշխարհը պայքարել է։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չեն», - ասաց պատգամավորը։
Արամ Վարդևանյանը նշեց նաև՝ ամենավատը դեռ չի անցել, սարսափելին դեռ չենք տեսել։
«Սարսափելին չի էլ թակում, այլ ջարդում է մեր տան դռները, մեր հայրենիքի դռները։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, այստեղ ներկաներից, մեր հայրենակցներից ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի, ադրբեջանցու տակ «կզելը» չէ», - ասաց նա։
ՀՀ գործող իշխանություններին Արամ Վարդևանյանը կոչ արեց «խաղաղության» շուրջ բանակցելիս ամբողջ ազգի անունից մուրացկանի քաղաքականություն չվարել։
«Մի ամբողջ ազգի անունից չի կարելի վերածվել մուրացկանի, խաղաղություն մուրացողի։ Հայ ազգը նման մանդատ ոչ մեկի չի տվել»,- շեշտեց պատգամավորը։