05/04/2022 16:19
Հարավային Օսեթիայի նախագահը հայտնել է՝ երբ կանցկացվի ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեն
Հարավային Օսեթիայի՝ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեն կնշանակվի հանրապետության Գերագույն դատարան դիմելուց և նրա եզրահանգումն ստանալուց հետո, ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Հարավային Օսեթիան բոլոր փուլերում իր քաղաքական քայլերն այնպես է կատարել, որ աշխարհում ոչ ոք չկասկածի դրանց օրինականության հարցում։ Հարավային Օսեթիայի Հանրապետության ձևավորման, հանրաքվեների անցկացման բոլոր քաղաքական-իրավական հիմքերն անթերի են եղել։ Այսօր էլ պետք է այդպես վարվենք։ Բոլոր քայլերը պետք է համապատասխանեն մեր սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին ու միջազգային իրավունքի նորմերին։ Իհարկե, այդ իրավաբանական գործընթացները մոտ ժամանակներս կիրականացնենք․ մենք պետք է դիմենք Գերագույն դատարան, սպասենք պատասխանին՝ եզրակացությանը՝ Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, իսկ հետո նշանակենք հանրաքվեի օրը»,- ասել է նա։
Պատասխանելով միանգամից երկու հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին՝ Բիբիլովը հստակեցրել է, որ իրենք հանրաքվեի են ցանկանում դնել Ռուսաստանի կազմ որպես առանձին սուբյեկտ մտնելու հարցը։
«Այդ հարցին պետք է պատասխանեն միայն Հարավային Օսեթիայի բնակիչները։ Կարևորն այն է, որ հյուսիսային ու հարավային օսեթներն ապրեն մի երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ որոշումը՝ միավորե՞լ, թե՞ ոչ երկու հանրապետությունները, հնարավոր է՝ կայացնի արդեն Ռուսաստանի ղեկավարությունը և Օսեթիայի հյուսիսի և հարավի բնակիչները»,- նշել է Բիբիլովը։