05/04/2022 16:58
Ամենայն հայոց կաթողիկոսը Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության հետևողական ջանքերը՝ գերության մեջ գտնվողների վերադարձի ուղղությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։
Նորին Սրբությունն իր մտահոգություններն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրել է ՄԹ Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։
Խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորել է ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնել այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։
Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիական Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին Սրբությանը փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։
Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։