05/04/2022 21:30
Հայ քաղաքացին է իր ակտիվ մասնակցությամբ վճռելու Հայաստանի վաղվա օրն ու Արցախի ապագան․ Արթուր Վանեցյան
«Բացառապես և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է որոշել իր ապագան ու վաղվա օրը։ Այս առումով այսօրվա մարդաշատ հրապարակը շատ ոգևորող և ողջունելի է։ Մեր հայրենակիցներն, ի վերջո, հասկացել են, որ մեր Հայրենիքն ու Արցախը վտանգված է և իրենք պետք է քայլեր գործարկեն, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Խոսելով հանրահավաքային պայքարի մասին, Արթուր Վանեցյանը նշել է՝ գործընթացը մշտական պետք է դառնա։
«Կարծում եմ, ճիշտ չէ, եթե մանրամասն ներկայացնեմ, թե ինչ է հետագայում լինելու։ Իհարկե, սա մեկանգամյա գործընթաց չէ, այլ շարունակական։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն մեկ մանդատ, այն մեզ տվել են մեր հայրենակիցները՝ հեռացնել այս իշխանություններին, որպեսզի Հայաստանն ու Արցախը կարողանան ուղղել իրենց մեջքը, նորմալ բանակցային դիրքերից հանդես գան՝ ապահովելով երկու հայկական պետությունների ազգային և պետական շահերը»,- ընդգծել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Արթուր Վանեցյանը հավելել է՝ ամենակարևոր խնդիրը, որը պետք է ֆիքսել և հասկանալ, այն է, որ հայ քաղաքացին է իր ակտիվ մասնակցությամբ վճռելու Հայաստանի վաղվա օրն ու Արցախի ապագան։