05/04/2022 19:27
Արցախցին շատ բան չի ուզում Հայաստանից և մյուսներից, ուղղակի ուզում է, որ իրեն թիկունք կանգնեն, և մենք չունենք այլ ելք, քան՝ գնալ դրա հետևից. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացվել են և բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախի կենսունակության համար, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման գաղափարի առաջին պտուղները, ցավոք, դրսևորվել են Արցախում, սրա հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցներն անվտանգային բավականին ծանր իրավիճակի մեջ են։ Փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման գաղափարը», - հայտարարեց Աբրահամյանը։
Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր չեն պատկերացնում առաջնագիծը և սահմանամերձ բնակավայրերի առանձնահատկությունները, միայն նրանք կարող են այսպիսի գաղափար առաջ քաշել։
«Հայելային հետքաման գաղափարը տարածքները խաղաղ հանձնման քաղաքականոսւթյան մի մասն է կազմում։ Սա պետք է կանխել, այլ տարբերակ չկա։ Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակակից զինված ուժեր, արդիական, տեխնոլոգիական բանակ», - ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ունենք բոլոր հնարավորոթյուններն՝ ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու։
«Մարտունակ բանակը տարածաշրջանի հավասարակշռության պահպանման, ցանկացած թշնամիներին զսպելու և թշնամիների մռութը ջարդելու ամենակարևոր գործոնն է, որն այսօր բավականին ցավալի իրավիճակում է։ Չի կարող որևէ պետություն առանց մարտունակ բանակի գնալ բանակցությունների և ակնկալել նորմալ արդյունք», - նշեց ԱԺ պատգամավորը։
Պատգամավորն ասաց, թե Արցախից է վերադառնում, և նշեց, որ արցախցու տեսակը կոտրվել չունի։
«Արցախցին ունի կամք, ցանկություն՝ հասնելու իր նպատակին։ Արցախցին շատ բան չի ուզում Հայաստանից և մյուսներից, արցախցին ուղղակի ուզում է, որ իրեն թիկունք կանգնեն։ Եվ մենք չունենք այլ ելք, քան՝ գնալ դրա հետևից», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։