05/04/2022 21:53
«Այսօրվա ակցիան ավարտվում է, իսկ պայքարը՝ ոչ․ այն կանգ չի առնելու մինչև իր վերջնական հաղթանակը»․ ընդդիմության այսօրվա հանրահավաքն ավարտվեց
Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները, ովքեր քայլերթով շարժվել էին Ֆրանսիայի հրապարակ ու փակել մուտքերը, բացեցին դրանք, ակցիան ավարտվեց։
Ֆրանսիայի հրապարակում ևս հնչեցին «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի» վանկարկումները։ Հրապարակում ծածանվեց Արցախի դրոշը։
Կարճ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ չորս տարի առաջ այս օրերին սկսվեց Հայաստանի պետականության կործանման ընթացքը։
«Ամենևին պատահական չէ, որ մենք մեր պայքարի սկիզբն սկսում ենք այս հրապարակից ու այս հրապարակում ենք բարձրացնում Արցախի Հանրապետության դրոշը»,– հայտարարեց նա և հավելեց՝ ՀՀ իշխանությունները չունեն երկիրը նոր զիջումների տանելու մանդատ։
Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին առաջարկեց վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքների հրապարկներում բարձրացնել Արցախի դրոշը։
«Սա սկիզբն է մեր պայքարի, այն լինելու է շարունակական։ Այս պայքարը կանգ չի առնելու մինչև իր վերջնական հաղթանակը»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ այսօրվա ակցիան ավարտվում է, իսկ պայքարը՝ ոչ։