05/04/2022 19:52
Մենք չենք կարող պարտվել, որովհետև մենք էլ կորցնելու բան չունենք, հայրենիքից ավելի թանկ ի՞նչ պիտի կորցնենք. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
Ազատության հրապարակում «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» հանրահավաքի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե այսօր ելույթ չի ունենալու, պարզապես զրույցի տեսքով կխոսի հանրահավաքի մասնակիցների հետ:
Մամիջանյանն ասաց, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց նույնքան էլ Արցախը Հայաստանի անվտանգության գրավականն է:
«Այստեղ բոլորը հասկանում են, որ Կասկադում ձեռք ձեռքի բռնած սիրահար զույգի անվտանգության երաշխավորը Արցախի սահմանին, ավտոմատը պինդ բռնած, զինվորն է», - ասաց նա:
Մամիջանյանը նշեց, որ հայրենիքի համար պայքարելիս ճամփի կեսից հետ չեն կանգնում:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով՝ ամեն ոտքի կանգնող հայը շանս է, փողոց իջնող ամեն հայը շանս է:
«Մեզ մի բան է մնում՝ հավատալ իրար, մենք իրար խաբել չենք կարող: Մենք չենք կարող պարտվել, որովհետև մենք էլ կորցնելու բան չունենք, հայրենիքից ավելի թանկ ի՞նչ պիտի կորցնենք», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: