06/04/2022 19:00
Ինչի՞ մասին է հուշում գլխապտույտը. երևույթը պարզաբանում է թերապևտ Լիլիթ Մինասյանը
Գլխապտույտն ախտանիշ է, որն արտահայտվում է տարածության մեջ մարդու կողմնորոշման կորուստով, երբ թվում է, թե շուրջն ամեն ինչ պտտվում է: Հաճախ գլխապտույտի պատճառը բոլորովին անվնաս երևույթներն են. հոգնածություն, քաղց, շարժման տևական անկարողությունը։ Սակայն հաճախ այս անմեղ թվացող գլխապտույտները կարող են ահազանգել տարբեր հիվանդությունների մասին։
Գլխապտույտի տեսակների, պատճառների ու բուժման մասին Aysor.am-ը զրուցել է թերապևտ Լիլիթ Մինասյանի հետ։
«Գլխապտույտը բավականին տարածված ախտանիշ է և կարող է լինել բազմաթիվ հիվանդությունների արձագանք, ինչը շատ է դժվարացնում դրա պատճառների որոնումն ու ախտորոշումնը։ Գլխապտույտների հաճախականությամբ պայմանավորված պետք է անպայման դիմել բժշկի՝ անցնելու տարբեր հետազոտություններ և գտնելու իրական պատճառը», - ասում է Մինասյանը։
Մասնագետն առանձնացրեց գլխապտույտի առավել հաճախ հանդիպող տեսակները՝
Համակարգային գլխապտույտ. առաջանում է օրգանիզմի բնականոն աշխատանքի խախտումների պատճառով, որը պատասխանատու է տարածության մեջ կողմնորոշվելու համար
Ոչ համակարգային գլխապտույտ. առաջանում է գերբեռնվածության, սթրեսի, սովի կամ շարժման անկարողության պատճառով
Դիրքային գլխապտույտ. առաջանում է սխալ կեցվածքի պատճառով
Տեղադրման գլխապտույտ. առաջանում է գլուխը շրջելիս
Ծայրամասային գլխապտույտ. առաջանում է վեստիբուլյար ապարատի նյարդի վնասման պատճառով
Կենտրոնական գլխապտույտ. առաջանում է ուղեղի պաթոլոգիաների պատճառով
Հոգեբանական գլխապտույտ. առաջանում է դեպրեսիվ վիճակներրի, խուճապի նոպաներոի հետևանքով
Օրթոստատիկ գլխապտույտ. առաջանում է իրանի դիրքի փոփոխության պատճառով
Հաճախ մարդիկ շփոթում են գլխապտույտը բոլորովին այլ վիճակների հետ. այս երևույթին մասնագետները տվել են «կեղծ գլխապտույտ» անվանումը։
Թերապևտ Լիլիթ Մինասյանն անդրադառնալով գլխապտույտի կեղծ դրսևորումներին՝ մանրամասնեց.
«Կեղծ գլխապտույտի նշաններ կարող են լինել աչքերի մթագնումը շղարշով, տեսողության սրության կորուստը (որն առաջացել է մարմնի դիրքի կտրուկ փոփոխությամբ), տարածության կողմնորոշման խնդիրն ու դրանով պայմանավորված հավասարակշռության կորուստը։ Մոտալուտ ուշագնացության զգացողություններից են նաև թուլությունն ու բարձր քրտնարտադրությունը։
Այս երևույթը հաճախ դժվարացնում է հիվանդության ճիշտ գնահատումն ու համապատասխան բուժում նշանակելը։ Առաջնային և հիմնական քայլերը պետք է ուղղված լինեն գլխապտույտ առաջացրած հիվանդության հայտնաբերմանն ու բուժմանը»:
Թերապևտը խորհուրդ տվեց, թե ինչպես կարելի է կանխել գլխապտույտների առաջացումը՝ խուսափելով մի շարք հիվանդություններից.
«Վեստիբուլյար ապարատի հետ կապված խնդիրները կանխելու համար, առաջին հերթին, պետք է հետևել առողջ ապրելակերպին: Պետք է բացառել չափից շատ ալկոհոլ օգտագործելն ու ծխելը. փորձեք շաբաթական մի քանի անգամ սպորտով զբաղվել։ Արժե նաև ժամանակին այցելել բժիշկի և պարբերաբար անցնել հիվանդությունների առկայության ախտորոշում՝ գնահատելով մարմնի վիճակը»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։