06/04/2022 18:10
Հնարավո՞ր է տնային պայմաններում՝ առանց մարզասրահ այցելելու, կառուցել երազանքի մարմինը. պարզաբանում է ֆիթնես-մարզիչը
Իդեալական մարմին ունենալը երազանք է շատ կանանց և աղջիկների համար։ Սլացիկ կառուցվածք ստանալու համար իգական սեռի ներկայացուցիչները չեն խնայում ջանքեր, ժամանակ և գումար։ Ոմանց համառության և աշխատասիրության շնորհիվ հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի, մյուսները բավարարվում են ավելի համեստ արդյունքներով։
Aysor.am-ն այս անգամ ֆիթնես-մարզիչ Աննա Զախարյանի հետ զրուցել է իդեալական մարմին ունենալու մասին։
Եվ այսպես, հնարավո՞ր է տնային պայմաններում՝ առանց մարզասրահ այցելելու, կառուցել երազանքի մարմինը։
Ըստ մասնագետի՝ հնարավոր է, նայած, թե ինչ նկատի ունենք «իդեալական» ասելով։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որն է ձեզ համար իդեալական մարմինը։ Եթե ուզում եք միայն նիհարել, իհարկե՝ հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը կարգավորել սննդակարգը և թեթև մարզվել։ Տնային պայմաններում հնարավոր է նաև ձգել ու գեղեցկացնել մարմինը, բայց եթե ուզում եք սպարտային կառուցվածք ունենալ, ինչպիսին ունեն ֆիթնես-մոդելները, ձեզ պետք կգան ֆիթնես պարաններ, մարզաքարեր, մարզասարքեր և այլն։ Այս ամենն առկա է մարզասրահներում, եթե, իհարկե, չեք պատրաստվում այդ ամենը գնել և մարզվել տանը», - նշում է մեր զրուցակիցը։
Աննա Զախարյանի խոսքով՝ առաջին հերթին պետք է որոշել՝ որն է նպատակը. եթե ուզում եք տնային պայմաններում նիհարել 5-10 կգ, պետք է նախևառաջ կարգավորել սննդակարգը՝ բացառելով հացաբուլկեղենը, քաղցրավենիքը և ֆասթ ֆուդը՝ շաբաթական թեթև մարզվելով 3-4 անգամ։
«Այդպես մեկ ամսում հնարավոր կլինի նիհարել 3-5 կգ, իսկ արդեն երկու ամիս անց՝ 5-10 կգ։ Եվ այս ամենն առանց օրգանիզմը սթրեսի ենթարկելու և սոված մնալու։ Տնային պայմաններում հնարավոր է հասնել լավ արդյունքի, և այդտեղ որևէ դժվար բան չկա», - ասում է ֆիթնես-մարզիչը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։