06/04/2022 20:00
Կարիեսի առաջացման պատճառները, կանխարգելումը, բերանի խոռոչի խնամքը. Ինչ է պետք իմանալ
Կարիես (ատամների ինֆեկցիոն միկրոկենսաբանական հիվանդություն) կարող է առաջանալ բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենայի պատճառով, ածխաջրերով հարուստ սննդի ոչ ռացիոնալ օգտագործումից, օրգանիզմում ֆտորի պակասից (Ֆտորը թափանցելով էմալ հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառի միկրոօրգանիզմների արտադրած թթուների նկատմամբ)։
Ատամների կարիեսն արտահայտվում է կարծր հյուսվածքների ապահանքայնացմամբ, փափկելով. որոշ ժամանակ հետո առաջանում է խոռոչ։ Բակտերիաները կարիեսի առաջացման հիմնական «պատասխանատուներից» են. հիգիենան կանխում է մանրէների զարգացումը։
Ամենամեծ վնասը մարդիկ սեփական ատամներին պատճառում են, երբ նախաճաշը, ճաշը, ընթրիքն ընդմիջում են քաղցրավենիքներ ուտելով, շաքար պարունակող հյութեր խմելով՝ այդ ընթացքում չունենալով ատամները մաքրելու հնարավորություն։
Եթե միջուտեստներից հնարավոր չէ հրաժարվել օբյեկտիվ պատճառներով, ապա ցանկալի է քաղցր մթերքները փոխարինել ընդեղենով, չրերով։ Սնվելուց հետո կարելի է օգտագործել առանց շաքարի մաստակ՝ 10-15 րոպեից ոչ ավելի։ Շաքարը կարիեսի զարգացման հիմնական «մեղավորներից» է, հատկապես քնելուց առաջ չի կարելի քաղցր սնունդ ուտել. քնելիս թքարտադրությունը նվազում է, քաղցրի վնասակար ազդեցությունը ավելի երկար է մնում ատամների վրա։
Բարձր թթվայնության մրգերը և խմիչքները վնասում են ատամները, եթե օգտագործում են շատ հաճախ։ Քաղցր և թթվաշ հյութերը ցանկալի է խմել ձողիկով՝ կանխելու շաքարի, թթվի անմիջական շփումն էմալի հետ։
Ատամների խնամքի «Ոսկե կանոնը»՝
- Մաքրել ատամները օրական երկու անգամ
- Չի թույլատրվում ատամները մաքրել սնունդ օգտագործելուց անմիջապես հետո. նախընտրելին 30 րոպե կամ մեկ ժամ հետոն է։
- Մաքրման ընթացքը պետք է տևի 2-3 րոպեից ոչ պակաս
- Խոզանակը ցանկալի է փոխել 2-3 ամիսը մեկ
- Խոզանակ պետք է ընտրել բժշկի ցուցմամբ. կոշտ խոզանակներն անդառնալիորեն վնասում են ատամի էմալը։
- Պետք է հիշել՝ լեզուն նույնքան խնամքի կարիք ունի, որքան ատամները։
- Կա բերանի խոռոչի ողողման երկու տեսակ հեղուկ՝ բուժիչ և պրոֆիլակտիկ։ Բուժիչը կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցմամբ, պրոֆիլակտիկ հեղուկներն ամենօրյա կիրառման համար են։
- Կարիեսը կանխարգելելու արդյունավետ տարբերակը բերանի խոռոչի մաքրությանը հետևելն է։
-
Տարեկան առնվազն երկու անգամ պետք է այցելել ատամնաբույժի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։