06/04/2022 17:23
Պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև դաշնակիցներին, բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը կթելադրի միասին մնալու և զարգանալու ըմբռնումը․ Կոպիրկին
Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատերազմի սանձազերծման հետևանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այսօր այդպիսի քաղաքական գիծ են որդեգրել, ինչի հետևանքով էլ ձևավորվել է ներկա իրավիճակը:
«Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար՝ աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշել է Ռուսաստանի դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածաշրջանի դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ:
«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ», - ընդգծել է դեսպանը:
Կոպիրկինն այս համատեքստում շատ խորհրդանշական է համարել այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը և գործարկումը համընկել է Ռուսաստանի դեմ արևմտյան առաջին պատժամիջոցների կիրառմանը՝ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվել է կորոնավիրուսի համավարակը՝ տնտեսական և այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց, չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվել է ամբողջ աշխարհը, ըստ Կոպիրկինի, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, պահանջված լինելը և արձանագրել է տնտեսական աճի ցուցանիշներ:
«Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ՝ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասել է Ռուսաստանի դեսպանը:
Ըստ նրա՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով:
«Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է կառավարությունների կողմից մակրոտնտեսական կարգավորումների կիրառում, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելել է Սերգեյ Կոպիրկինը: