06/04/2022 15:23
Ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների դիմաց վճարված եկամուտների մասով նոր կարգավորում է առաջարկվում
Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ:
Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս: Առաջարկվում է սահմանել եկամտահարկի ընդհանուր դրույքաչափեր:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հարցը երկրորդ ընթերցմամբ ներկայացնող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ որեւէ կերպ չի արգելվելու փոխառությունը կազմակերպության եւ ֆիզիկական անձի միջեւ: Փորձ է արվում հավասարություն ապահովել տոկոսների մասով եւ թույլ չտալ, որ տոկոսով փոխառությունը տրվի բացառապես հարկային պլանավորման նպատակով:
Առաջինից երկրորդ ընթերցում երկու առաջարկ է ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը: Առաջարկներից մեկը մասնակի է ընդունվել, իսկ մյուսը՝ ոչ, քանի որ «Հայաստան» խմբակցությունն օրակարգից հանել է այդ առաջարկը՝ հաշվի առնելով Կառավարության հակափաստարկները:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: