06/04/2022 16:47
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա ընդերքօգտագործման ոլորտում ներդրումային գրավչությունը. Հովհաննես Հարությունյան
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պարտավորությունները: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով, ինչը հնարավորություն է տալու ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել? աշխարհում եւ ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում:
Այս դրույթի առնչությամբ փոխնախարարը նշել է, որ այն ներդրողների համար կապահովի գործունեություն կազմակերպելու կանխատեսելիությունը, ինչպես նաեւ կբարձրացնի ներդրումային գրավչությունը:
Օրենքի նախագծով ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման առնչությամբ ընկերություններին առաջարկվում է դիմում ներկայացնել լիազոր մարմին, որն էլ պարզելու է փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:
Կարգավորվելու են նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Ամրագրվելու է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, ձեւերի եւ լրացման ուղեցույցների, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշել է, որ հարցերը նախօրոք քննարկվել են ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Մխիթար Զաքարյանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք հիմնական զեկուցողի կողմից համարվել են ընդունելի: Առաջին առաջարկը վերաբերել է անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետների երկարաձգմանը, իսկ երկրորդը? սահմանային հողերի օգտագործման ժամանակ դրանց կարգավիճակի փոփոխությանը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Նշենք, որ մինչեւ օրակարգային հարցին անդրադառնալը, մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ նրա, պատշաճ ձեւով չի ներկայացվել հանձնաժողով. լրամշակված տարբերակն ուղարկվել է նիստը սկսվելուց մի փոքր առաջ, եւ բավարար ժամանակ չի եղել այդ տարբերակին ծանոթանալու համար: «Անթույլատրելի է նման մոտեցումը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Հիմնական զեկուցողը նպատակահարմար չի գտել հարցի քննարկման հետաձգումը՝ նշելով, որ բովանդակային առումով փոփոխություն չի եղել. ընդամենը մի քանի տերմինի բացատրություն է ավելացվել: Փոխնախարարը համաձայնել է պագամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկին, եւ քննարկման է դրվել նախագծի նախնական տարբերակը: Պարզաբանումներից հետո Բաբկեն Թունյանը նշել է, որ օրինագծի տնտեսական նպատակահարմարության հետ կապված խնդիր չի տեսնում եւ հավելել, որ հարցը հետաձգելու բավարար պատճառներ չկան, հատկապես՝ պատգամավորները մեկ ամիս ժամանակ են ունեցել իրենց դիտարկումները ներկայացնելու համար: Նա նաեւ հիմնական զեկուցողին խորհուրդ է տվել ԱԺ իրավաբանական վարչության հետ շարունակել որոշ դրույթների վերաբերյալ համատեղ քննարկումները: