06/04/2022 18:35
Ռուսաստանին միանալը սցենարներից մեկն է. թե՞ Արցախն Ադրբեջանին պետք է ասի՝ հանձնվում եմ, արի, ինձ մորթի. Թևան Պողոսյան
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և հայ ազգի ճակատագիրն է որոշելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Ոչ միայն այս, այլև մյուս բոլոր հանդիպումները կարող են կամ մի փոքրիկ քայլ ավելացնել դեպի միասնականություն, կամ եղածի վրայից մեկ փշրանք էլ փչել և ավելի նպաստել Արցախի վերացմանը։
Այսօր, հնարավոր է, մարդասիրական ինչ-որ գործընթացի, մի քանի գերու վերադարձին նպաստելու նման մի բան լինի, բայց և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը կարծես ասել են՝ ինչ են անելու. նրանք մոտավորապես հայտարարել են՝ «Գնալու ենք և փորձելու ենք բանակցային գործընթացի սկիզբը դնել»։ Հետևելով բոլոր զարգացումներին՝ հասկանալի է դառնում, որ այսօր կարող է ինչ-որ հայտարարություն լինել, բայց ոչ՝ հայտարարության ստորագրում։
Բայց կարևորն այն է, թե արդյոք Հայաստանը պնդելու և շեշտադրելո՞ւ է, որ մինչև Արցախի կարգավիճակը և ինքնորոշման իրավունքը փաստաթղթում չամրագրվեն, ինքն այդ փաստաթուղթը չի ստորագրելու։ Որովհետև, եթե Հայասանն այսօր դրանից հետ կագնի, մենք իրավունքը կորցնելու հիմքն ենք դնելու։ Իսկ իրավունքը պետք է պահպանվի գոնե գալիք սերունդների համար»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելու հավանականությանը՝ քաղաքագետն ընդգծեց՝ եթե ՀՀ իշխանություններն իրենց վարած քաղաքականության հետևանքով ձեռքերը լվացել են Արցախից, այնտեղ բնակվող 100 հազարից ավելի մարդիկ ի՞նչ պետք է անեն, եթե ոչ՝ ինքնուրույն փորձեն փրկության ելքեր որոնել։
«Հայաստանը չի ասել, որ ճանաչելու է Արցախի անկախությունը, որ կանգնելու է նրա կողքին, հակառակը՝ ցեղասպան Ադրբեջանի դուռն է թողել։ Հիմա արցախահայությունը կարո՞ղ է եղած ռեսուրսներից փորձել հասկանալ՝ ինչպես հնարավորինս ապահովել սեփական կյանքը։ Եթե այդ մարդիկ ուզում են իրենց կյանքն ապահովել, որովհետև չեն ուզում հեռանալ իրենց հողից, ի՞նչ հնարավորություններ ունեն։
Եկեք քարտեզին նայենք. Արցախն Իրանի՞ն դիմի՝ մաս դառնալու, Վրաստանի՞ն, Ադրբեջանի՞ն ասի՝ հանձնվում եմ, եկեք, ինձ մորթեք։ Ո՞ւմ առաջարկի. ԱՄՆ-ին եթե առաջարկի, գնալո՞ւ է։ Այդ մարդիկ պետք է ամբողջ կյանքն անորոշության մե՞ջ ապրեն՝ չիմանալով, թե դեռ որքան Արցախում կմնան ռուս խաղաղապահները։ Ի վերջո, երբ ՀՀ իշխանություններն այս անորոշության մեջ չեն պատրաստվում արցախահայությանն ինչ-որ բան ասել, իրենք ի՞նչ պետք է փորձեն անել։
Ռուսաստանին միանալը սցենարներից մեկն է, քանի որ այլ առաջարկ Հայաստանից չի արվել։ Առաջարկը ո՞րն է. «Դե լավ, գնացեք, Ադրբեջանի կազմո՞ւմ ապրեք»։ Եթե ՀՀ իշխանությունները ոչ մի բան չեն առաջարկել, վախենում են անգամ հայտարարել, որ Արցախը երբևէ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում, վախենում են ասել, որ Արցախի անվտանգությա երաշխավորն են, վախենում են Արցախ այցելել, արցախահայերն ի՞նչպես վարվեն»,- հարց հնչեցրեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Բրյուսելում։ Եռակողմ հանդիպմանը կմասնակցի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։