06/04/2022 20:27
Ռուսաստանն ընկղմվել է ուկրաինական «ճահիճում» և այս փուլում Արցախի ճանաչման չի գնա. Արմեն Վարդանյան
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը չի կարծում, որ այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի։
«Կարծում եմ՝ այս պահին Հայաստանի վրա կան ճնշումներ՝ փաստաթուղթ ստորագրելու առումով, բայց այդ ճնշման կենտրոնը ոչ թե Բրյուսելն է, այլ Մոսկվան։ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ Ադրբեջանին բերել իր գլխավորած ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներ, իսկ Ադրբեջանը որպես պայման՝ ասում է, որ Հայաստանի հետ նույն դաշինքներում կարող է լինել այն դեպքում, եթե կողմերը փաստացի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
Ըստ այդմ՝ ռուսական կողմը ճնշումներ է գործադրում, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո Ադրբեջանը մուտք գործի ՀԱՊԿ և այլ կառույցներ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Խոսելով Արցախի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելու հիմքերի մասին՝ Արմեն Վարդանյանը նշեց՝ նման գործընթացի համար Ռուսաստանի «գլուխը շատ խառն է»։
«Նույնիսկ եթե Արցախում ինչ-որ մարդիկ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս, պետք է շատ լավ իմանան, որ ՌԴ-ն այս պահին փորձում է շատ լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ և հարաբերությունների վատթարացման չի գնա։ Ռուսաստանն արդեն իսկ ունի իր ազդեցության տակ գտնվող մի քանի չճանաչված հանրապետություններ, իսկ հիմա էլ ընկղմվել է ուկրաինական «ճահիճում» և այս փուլում, բնականաբար, Արցախի ճանաչման չի գնա»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի կունենա այսօր Բրյուսելում։ Եռակողմ հանդիպմանը կմասնակցի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։