06/04/2022 16:37
ԵԱՏՄ-ն 2022 թվականին չի պատրաստվում ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլով հաշվարկներին
Եվրասիական տնտեսական միությունը 2022 թվականին չի նախատեսում հրաժարվել դոլարով ու եվրոյով փոխադարձ հաշվարկներից ու չի նախատեսում ամբողջությամբ անցում կատարել ռուսական ռուբլուն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Անցում չի նախատեսվում։ Մեր խնդիրն է ընդլայնել և խթանել Միության պետությունների ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առևտրում հաշվարկների ժամանակ։ Դա նախատեսված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ներքին կայունության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկով, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից»,- Մալկինայի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։
Անդրադառնալով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պայմաններում վճարային քարտերի օգտագործման խնդրին, Մալկինան նշել է` ԵՏՀ-ն խորհուրդ է տալիս ԵԱՏՄ ներսում շրջագայելիս՝ օգտվել «Мир» վճարային քարտերից։
«Visa և Mastercard վճարային համակարգերի քարտերի հետ կապված դժվարություններ, իրոք, կան, դրանք դադարել են գործել Ռուսաստանում, սակայն այժմ այդ հարցը լուծվում է «Мир» վճարային համակարգի միջոցով, «Мир» վճարային քարտերն անխափան աշխատում են ԵԱՏՄ ամբողջ տարածքում»,- ասել է նա։