06/04/2022 20:12
Լոնդոնն աջակցում է Արցախում առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական և խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում: