06/04/2022 15:55
ՌԴ-ն առայժմ խրված է պատերազմի մեջ և մինչև Ուկրաինայում իր հարցերը չկարգավորի, Արցախի հետ կապված որևէ լուրջ քայլի չի գնա. Քաղաքագետ
Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը հերթական հանդիպումներից մեկն է լինելու։ Որևէ փաստաթղթի ստորագրում գրեթե բացառում եմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարանը։
«Կարելի է ասել՝ 99 տոկոսով համոզված եմ, որ այսօր որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Հնարավոր է՝ հանդիպման վերջում այս կամ այն կետի շուրջ ինչ-որ հայտարարություն լինի, բայց այդ կետերն այդպես էլ անհայտ մնան հանրության համար։ Հնարավոր է՝ ինչ-որ պայմանավորվածություններ լինեն», - ասաց նա։
Անդրադառնալով Արցախի՝ քաղաքական գործընթացների արդյունքում Ռուսաստանի կազմում հայտնվելու հավանականությանը՝ Արթուր Ղազարյանը չբացառեց, որ ինչ-որ պահի նման իրողություն արձանագրվի։
«Այս մասին շատ ավելի վաղուց է խոսվում։ Խոսակցությունները նոր թափ են ստացել հատկապես հետպատերազմյան շրջանում, սակայն Արցախի՝ ՌԴ կազմում հայտնվելը երկարատև գործընթացներ է ենթադրում։ Ուստի սա նախևառաջ ոչ թե արցախահայության կամքով է լինելու, այլ Ռուսաստանի։ Այդ երկիրը համապատասխան կամք կամ ցանկություն պետք է հայտնի, որից հետո համապատասխան գործընթաց սկսվի», - ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղրիմի, իսկ այս օրերին նաև Դոնեցկի մարզի հետ կապված քաղաքական գործընթացները՝ շատ հավանական է, որ Ռուսաստանը, որպես ծավալապաշտության ձգտող գերտերություն, իր ծրագրերում ներառի նաև Արցախն իրեն միացնելը։
«Նման սցենար չի կարելի բացառել։ Կա երկու տարբերակ. կամ ՌԴ-ն Արցախի անկախությունն է ճանաչում, կամ որպես իր մարզ է ճանաչում։ Ռուսաստանի քաղաքական գիծը ծավալապաշտական է։ Բայց ՌԴ-ն առայժմ խրված է պատերազմի մեջ և մինչև Ուկրաինայում իր հարցերը չկարգավորի, Արցախի հետ կապված որևէ լուրջ քայլի չի գնա», - կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի կունենա այսօր Բրյուսելում։ Եռակողմ հանդիպմանը կմասնակցի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։