07/04/2022 12:58
Ալեն Սիմոնյանին սպասարկող «BMW 750Li»-ին ուղեկցելու համար 54 միլիոն դրամով ամենագնացներ ձեռք կբերվեն
Կառավարությունն այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենայի հետ կապված ևս մեկ որոշում կընդունի։
Նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող «BMW 750Li» ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը, ըստ այդմ, անհրաժեշտ է գնել ամենագնացներ։
«ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:
Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը լրացուցիչ հիմնավորման համար դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայություն՝ TOYOTA մակնիշի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաների՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի անվտանգ տեղաշարժը ապահովող և նրան սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող, շահագործման նպատակահարմարության հարցով, և ստացել դրական դիրքորոշում։
Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք», - ասված է նախագծում, որը կառավարություն է ներկայացրել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Մեքենաները ձեռք բերելու համար կհատկացվի 54 մլն դրամ։