07/04/2022 12:47
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից «NVIDIA» ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում, այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկել էին հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։
«Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը:
1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան:
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:
NVIDIA, բարի գալուստ Հայաստան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը։