07/04/2022 19:00
Ինչպե՞ս գրագետ վարել ավտոմեքենա. ո՞ր տարիքից սկսել և դառնալ անվտանգ վարորդ
Գիտակից անհատի ձևավորման մեջ շատ կարևոր ու առաջնային է դիմացինի կյանքի և սեփական քայլերի հանդեպ պատասխանատվության զգացումը։ Հաճախ նկատում ենք, որ այս ամենը խախտվում է փողոցում՝ վարորդների անուշադրության ու անտեղյակության պատճառով։
Գրագետ ու բանիմաց վարորդ դառնալու, վարել սովորելու և շատ կարևոր այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Fast drive» ավտոդպրոցի գործադիր տնօրեն Արթուր Դավթյանի հետ։
«Նախնական փուլում վարել սովորելու համար ուղղակի պետք է ցանկություն: Ուսանողը պետք է գիտակցի ինչի համար է ցանկանում վարել սովորել և պատասխանատու լինի իր և դիմացինի անվտանգության համար», - ասաց նա։
Փորձը ցույց է տալիս, որ ավտոմատ փ/տ ավտոմեքենա վարել սովորելու համար հարկավոր է միջինում 15-20 ժամ, իսկ մեխանիկական փ/տ մեքենա վարելու համար ավելի շատ։ Իհարկե, սա կարող է յուրաքանչյուրի համար ինդիվիդուալ լինել. հանդիպում են նաև ավելի կարճ ժամանակում սովորողներ:
Եթե որոշել եք վարելու հմտություններ ձեռք բերել, ապա կարևոր է կատարել հրահանգչի ճիշտ ընտրություն՝ դիմելով մասնագիտացված ավտոդպրոց։
Այս հարցի շուրջ խոսելիս՝ տնօրենը նշեց մի քանի որակներ, որոնցով պետք է օժտված լինի հրահանգիչն ու ապագա վարորդը.
«Հրահանգիչը նախևառաջ պետք է լինի համբերատար, արագ կողմնորոշվող, օժտված նյութը գրագետ և հասանելի մատուցելու կարողությամբ։ Պետք է լինի անմիջական և շփվող, և իհարկե, ուսանողին վստահություն ներշնչող: Կարևոր է չմոռանալ վարորդական փորձի մասին. օրինակ՝ մեզ մոտ աշխատանքի են ընդունվում նվազագույնը 20 տարվա փորձ ունեցող հրահանգիչներ: Միանշանակ օրինապահ վարորդն էլ իր հերթին պետք է տիրապետի ՃՈ կանոններին , բացի տիրապետելը՝ հետևի դրանց»։
Aysor.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ ավտոդպրոցում մեկնարկել է երեխաներին վարել սովորեցնելու հատուկ կրթական ծրագիր. խոսելով անչափահասի՝ ղեկին նստելու, ռիսկերի և անվտանգային կանոների մասին, Արթուր Դավթյանը մանրամասնեց.
«Երեխաների ուսուցումը ավելի նպատակաուղղված է նրան, որ անչափահաս երեխան գիտակից ձևով մոտենա ավտոմեքենային, այսինքն գիտակցի դրանից բխող և՛ լավ, և՛ վատ հետևանքները, փոքր տարիքից ռիսկը գնահատել կարողան։ Այս դեպքում, կարելի է ասել, ավելի շատ մեքենայի ծանոթացում է, քան վարման բուն գործընթաց։
Դասընթացը մշակել ենք մանկական հոգեբանի հետ և ունեցել ենք նպատակ փոքր տարիքից երեխաներին ճիշտ ուղղու վրա դնելու»:
Փորձը ցույց է տալիս, որ տղաները ավելի քիչ են դիմում ավտոդպրոցներ, քան աղջիկները: Հաճախ, կրթվելով բակային մակարդակով, որի արդյունքը այժմ տեսնում ենք մեր փողոցներում։ Այս ծրագիր միջոցով կարելի կլինի բացատրել մեքենայի առավել ռիսկային լինելու փաստը և համոզել՝ ավելի խորը ուսումնասիրել ավտովարման կարգն ու կանոնները:
Դասընթացը նման չէ մեծահասկաների համար անցկացվող դասընթացին: Անցկացվում է փակ տարածքում՝ երթևեկությունից դուրս, որտեղ չկան այլ մեքենաներ և մարդիկ:
Արթուր Դավթյանը նշեց, որ հրահանգիչը և ծնողը համատեղ կարգով երեխային բացատրում են մեքենայի կառուցվածքը, որից հետո երեխաները փործում են տիրապետել մեքենավարման կարևոր և առաջնային սկզբունքներին:
«Ի վերջո՝ մեր հիմնական նպատակը՝ ավելի շատ խաղի միջոցով, մեքենային տիրապետել սովորեցնելն է», - ասաց Դավթյանը։
Նրա հավաստիացմամբ ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ օրենսդրական կետերը. դասընթացի ընթացքում այդ կետերը լիարժեք պահպանվում են:
«Հույս ունենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի նոր սերնդի առավել գրագետ վարորդ դառնալուն և գուցե հենց նրանք կարողանան օրինակ ծառայել տարիքով բարձր սերնդին՝ կարգապահությամբ և պատասխանատվության հստակ գիտակցմամբ», - ասա Դավթյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։