07/04/2022 09:48
«Հրապարակ». Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը. եթե հարմար առաջարկներ լինեն, իր մյուս բիզնեսները ևս պատրաստ է վաճառել և գումարները հանել Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով։ Գնորդը գործարանն աշխատեցնողն է՝ Գարիկը։ Բայց մի նրբություն կա՝ գնորդը նաև Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է, նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։
Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել են, և գործարանն ամբողջությամբ անցել է նոր սեփականատիրոջը։ Մեր աղբյուրն ասում է, որ եթե հարմար առաջարկներ լինեն, Ծառուկյանն իր մյուս բիզնեսները ևս պատրաստ է վաճառել և գումարները հանել Հայաստանից։
Ճիշտ է՝ այսօր նրան իշխանությունը ձեռք չի տալիս, բայց այս տարիներին այնքան են խանգարել՝ Աբովյանում բնակարանաշինության, Կեմպինսկիի հյուրանոցի, Արարատում սիլիցիումի գործարանի կառուցման հետ կապված, որ նա չի ուզում այլևս փող ներդնել և գործունեությունն ընդլայնել Հայաստանում։ Անգամ հնարավոր է ներդրումներ անի Ռուսաստանում, որտեղ, արևմտյան բիզնեսի հեռանալուց հետո, գործունեության լայն դաշտ է բացվել»։