07/04/2022 09:59
«Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում։ Աշխատակիցներից մեկը փոխանցեց կոլեկտիվի դժգոհությունը՝ որոշել են ընդվզել ներկայիս տնօրինության դեմ, քանի որ արտադրական ծավալները նվազել են, անկառավարելի վիճակ է ստեղծվել։ Ըստ մեր աղբյուրի, աշխատողները պատրաստվում են նամակով դիմել կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։
Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։
Ճիշտ է, իշխանությունները Պոլոսկովի նկատմամբ քրեական գործեր հարուցեցին, ապա ստիպեցին, որ պետական բյուջե չմուծված հարկերի անվան տակ վերականգնի վնասը՝ 15 մլրդ դրամ, սակայն, ԶՊՄԿ-ի աշխատակիցների համոզմամբ, բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, շատ լավ գիտեն, թե իրականում ով էր մեղավորը։ «Եթե նախկինում ԶՊՄԿ-ն օրական 800-1400 տոննա խտանյութ էր արտահանում, հիմա ծավալը հասել է 300-350 տոննայի»,- ասաց մեր աղբյուրը»։