07/04/2022 12:04
«Եթե Արցախ չենք վերադառնում, մեզ համար Հայաստանում պետք է համայնք սարքեն, որպեսզի այնտեղ ապրենք և չցրվենք». հադրութցիները նստացույց են իրականացնում
Հանրապետության հրապարակում Արցախից տեղահանված քաղաքացիները բոցղոքի ակցիա և նստացույց են իրականացնում։
«Ստորագրահավաք ենք ձեռնարկել, որտեղ շուրջ 3000 ստորագրություն կա։
Մեր պահանջն է հայրենիք վերադառնալը։ Օբյեկտիվ դժվարությունների պատճառով, քանի որ հնարավոր է դա տարիներ ձգվի, մենք պետք է մտածենք նաև մեր օրվա ապրուստի մասին։ Հայրենիք վերադառնալու համար պետք է համայնքը պահպանենք, իսկ դրա համար էլ պետք է իրար գլխի հավաքված լինենք։
Եթե Արցախ չենք վերադառնում, մեզ համար Հայաստանում պետք է համայնք սարքեն, որպեսզի այնտեղ ապրենք։ Եթե մենք ցրվենք այնպես, ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մեր հայրենիքն այլևս չենք վերցնելու», - լրագրողներին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։
Նա ասաց, թե տասնյակ նամակներ են ուղարկել դեսպանատներին, եղել են նաև հանդիպումներ, լսել են փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ իրենց պահանջները, սակայն մինչ այժմ իրենց հարցերի լուծման վերաբերյալ որևէ դեսպանատնից կամ որևէ երկրի կառավարությունից իրական պատասխան չեն ստացել։
Հայրյանի խոսքով՝ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ նստացույց են անելու և հանդիպում պահանջելու, որպեսզի նրանց ևս ներկայացնեն իրենց խնդիրները։
«Չորս տարի է՝ այս կառվարությունը որևէ բան արե՞լ է, չի արել։ Այս կառավարությունը մի բան կարող է անել, դա իր հրաժարականն է։ Պետք է հասկանան, որ արդեն ազգին ու ժողովրդին վնաս են տալիս», - ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարը։