07/04/2022 10:17
Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է. Նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։
Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։
Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։
Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։
Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն»: