07/04/2022 17:49
Բորելը բրյուսելյան հանդիպման արդյունքները որակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր առաջընթաց
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը:
Ժոզեպ Բորելը «Թվիթեր»-ի իր էջում կիսվել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել էր, որ «արդյունավետ երեկո» են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:
Բորելը դա գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր առաջընթաց՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության ու անվտանգության ուղղությամբ աշխատելու համար:
«Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա, առավել քան երբևէ, կարևոր է գտնել ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,- գրել է նա: