07/04/2022 22:00
Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում․ դա անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ․ Դավիթ Բաբայան
Փաշինյան - Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին էր, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ 4 ժամից ավելի տևած հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ չի հիշատակվել։
Արցախի արտգործնախարարը վերահաստատել է՝ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը գերադասելի է պատերազմից։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն - Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»,- ասել է Դավիթ Բաբայանը։