07/04/2022 19:50
«Մեծ յոթնյակի» երկրները շարունակելու են ռազմական ու ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային
«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստակամություն են հայտնել շարունակել ռազմական ու ֆինանսական օգնության տրամադրումն Ուկրաինային, այս մասին նշված է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների տարածած համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով։
«Ընդգծում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում և պատրաստակամություն ենք հայտնում շարունակել օգնություն հատկացնել Ուկրաինային, տրամադրել այդ թվում՝ ռազմական տեխնիկա և ֆինանսական միջոցներ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից և վերականգնվի»,- նշված է փաստաթղթում։
«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները հայտարարել են նաև, որ կանխելու են պատժամիջոցները շրջանցելու նպատակով Ռուսաստանին օգնելու բոլոր փորձերը։
Ավելի վաղ էլ Kyodo գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը վերահաստատել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել են հավելյալ ջանքեր ներդնել՝ միջազգային հանրության հետ այս ուղղությամբ համակարգված գործելու ուղղությամբ, մինչև ռազմական գործողություններն Ուկրաինայում չդադարեցվեն։