07/04/2022 17:35
Եթե Ադրբեջանը գոհ է բրյուսելյան հանդիպումից, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է նրա շահերն ու պահանջները. Ալեն Ղևոնդյան
Մեծ հաշվով, երեկ կայացած բրյուսելյան հանդիպման մասին ասելու շատ բան չկա, որովհետև կողմերը խոսում էին հասանելի և բաց բառապաշարով՝ առանց երկիմաստությունների։ Երբ ադրբեջանական կողմն ասում է, որ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները շահեկան են Բաքվի համար, այդտեղ մեկնաբանելու ոչինչ չկա. դա նշանակում է, որ Ադրբեջանը գոհ է, իսկ եթե Ադրբեջանը գոհ է, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է այդ երկրի շահերն ու պահանջները, և Ադրբեջանն էլ որևէ առարկություն չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ է արձանագրել, որ գնալու է, Արցախը հանձնի Ադրեջանին, այդ պրոցեսը լինելու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսքով, ավելին՝ հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքաին ամբողջականությունը, և սահմանազատում է արվելու։ Բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ խոսվել է նաև սահմանազատման մասին, որ պետք է համապատասխան հանձնաժողով ստեղծվի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։
Ալեն Ղևոնդյանը հատկանշական համարեց, որ բրյուսելյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերի հետ։
«Ենթադրում եմ, որ նա «ինստրուկտաժ» է արել։ Ավելին ասեմ՝ ամերիկացիներն այս հարցում բավականին բաց խաղացին. անգամ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, որում անդրադարձ կար Ռուսաստանին, կային սուր գնահատականներ։ Խոսքն այն խոսակցության մասին էր, որ ամերիկյան կողմն ունեցել էր ՀՀ գործող վարչապետի հետ։ Այսինքն՝ ամերիկյան կողմը, պետքարտուղարի մակարդակով, վարչապետի հետ խոսակցության ժամանակ շատ սուր քննադատական ձևակերպումներ էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։
Դրանից հետո Հայաստանի վարչապետը մեկնում է Բրյուսել, կատարում այն քայլը, որը բոլորը և հատկապես Ալիևն իրենից սպասում էին՝ այսօր արդեն կառավարության նիստին հայտարարելով, որ Բրյուսելում նպատակահարմար չի գտել հանրայնացնելու Փառուխի թեման։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ վարչապետը հանդիսանում է Ադրբեջանի շահերի սպասարկուն»,- ասաց քաղաքագետը։
Ալեն Ղևոնդյանը հավելեց՝ հայկական կողմը ջանք չի խնայում ամերիկյան, թուրքական, ադրբեջանական և բրիտանական կողմերի ազդեցության ներքո Ռուսաստանին դուրս թողնելու սահմանազատման գործընթացից։
«Եթե հիշում եք, ռուսական կողմն անընդհատ խոսում էր սահմանագծման և սահմանազատման մասին՝ նշելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզներով։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նշել էր, որ խաղաղության պայմանագրի օրակարգը հասունացած չէ և անհրաժեշտ չափով իրատեսական չէ։ Դա, իհարկե, չխանգարեց, որ երեկ հնչեն այն հայտարարությունները, որոնք հնչեցին»,- ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ արդեն վաղը ՀՀ արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ յուրատեսակ հաշվետվություն ներկայացնելու։
«Կարծում եմ՝ այնտեղ բավականին դժվար և ծանր խոսակցութուն է ունենալու։ Թե՛ խաղաղապահների օրակարգը, թե՛ ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը մեկ քաղաքական խաղի կոմպոնենտներ են՝ ուղղված Ռուսաստանի դեմ․ նաև իրենց առջև Հայաստանի բնաջնջման խնդիր են դրել։ ՀՀ գործող վարչապետն էլ այդ պրոցեսի իրացման գործակալներից մեկն է»,- ամփոփեց Ալեն Ղևոնդյանը։