07/04/2022 15:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բրյուսել իր այցի մասին:
Նա նշեց, որ իր ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:
Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է իմի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:
«Մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունն ու պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - նշեց նա:
Վարչապետն ասաց, որ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում եք ու կանենք», - նշեց ՀՀ վարչապետը: